ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սպասված գիրքը-3

Սպասված գիրքը-3
12.11.2022 | 11:00

Պահեստազորի սպաների միության հրատարակման պատրաստվող գիրքը ոչ միայն անդրադարձ է կառույցի մեկուկես տարվա գործունեությանը, այլև ուշագրավ ընթերցում է ազգային անվտանգության ծառայության այն աշխատակիցների հուշերի, ովքեր համակարգում եղել են հանգուցային պաշտոնների:


Ընթերցողի այսօրվա զրուցակիցը պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆՆ է՝ ոստիկանության համազգեստի տակ գործած դարձվորների ու առհասարակ ժամանակաշրջանի մասին իր հիշողություններով:
«Оборотни»
1994 թվականն էր։ Անսպասելիորեն հրապարակվեց ԱԱՊՎ-ի գործունեությունը կասեցնելու ՀՀ նախագահի միանգամայն անհիմն, իմ կարծիքով, հակասահմանադրական հրամանը: Ի դեպ, այդ փուլը բացառիկ լարված ժամանակահատված էր մեզ համար: Ոստիկանության մի շարք աշխատակիցներ գտնվում էին քննության տակ ու պահվում էին քննչական մեկուսարանում, շատերի նկատմամբ իրականացվում էին համալիր միջոցառումներ:
Աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով, երբ հունվարին նոր ինֆորմացիա ստացվեց հանրապետությունում պատվիրված սպանություններ ու կողոպուտներ իրականացնող «դարձվորների» («оборотни») մասին։


Այդ հրոսակախմբերը գործում էին ՀՀ ոստիկանության հովանու ներքո: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք ինչպես հանցագործների ինքնությունը, այնպես էլ թաքնվելու վայրը, նրանց ձերբակալելու որոշում ընդունվեց։
Աշխատանքի ընթացքում ստացվեցին նաև լրացուցիչ տվյալներ, որ խումբը մասնակիորեն դուրս է եկել վերահսկողությունից և ինքնուրույնաբար է մայրաքաղաքում պլանավորում ու իրականացնում հանդուգն հանցագործություններ, սպանություններով զուգորդված կողոպուտներ: Դրանցից մեկում, մասնավորապես՝ սեփական բնակարանում, դաժանորեն սպանվել էր մեր գործընկերոջ քույրը: Տնից անհետացել էին բոլոր թանկարժեք իրերը, որոնք հանցագործները պահում էին իրենց թաքստավայրում: Ի դեպ, նշված հանցախումբը 1993-ի դեկտեմբերին մեկնել էր Մոսկվա` իրականացնելու Համաշխարհային համահայկական ասամբլեայի պրեզիդենտ, ներկայումս հանգուցյալ Սերժ Ջիլավյանի վրա ծրագրված մահափորձը, որը, անկախ նրանց կամքից, չէր հաջողվել իրականացնել:


Ահա աշխատանքային նման բուռն շրջանում հետևեց ազգային անվտանգության պետական վարչության փակումը։ Կառույցի այսօրինակ չեզոքացմամբ, ըստ էության, փակվում էր դեպի Ներքին գործերի նախարարության դարձվորներ տանող ճանապարհը:
ԱԱՊՎ-ի անդամալուծված վիճակը շարունակվեց երեք ամիս: Այն, ի վերջո, վերաբացվեց, սակայն՝ ակնհայտ թերացումներով: Շատ պրոֆեսիոնալներ, որոնց թվում և ես, դուրս մնացինք համակարգից, փոխարենը ղեկավար պաշտոններում հայտնվեցին «փողոցից» եկած, ոչ կոմպետենտ մարդիկ։
Նկատի ունենալով գործող հանցախմբի առանձնակի վտանգավորությունը` պրոֆեսիոնալ պարտքս հուշում էր ամբիցիաներս դնել մի կողմ, ընդառաջ քայլ անել, գնալ նոր ղեկավարությունից հանդիպում խնդրելուն:


...Մեկ շաբաթ անց ԱԱՊՎ ղեկավարությունը, այնուամենայնիվ, իրեն թույլ տվեց ինձ ընդունել: Ես ներկայացրեցի հանցավոր խմբի առանձնակի վտանգավորությունը, արած հանցագործությունները, հանցախումբը կազմածների ինքնությունը, թաքնվելու վայրը: Չնայած ներկայացված տեղեկությանը, ցավոք, նրանց վնասազերծելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեցին: Ակնհայտ էր դառնում, որ նման դիրքորոշման պայմաններում արդեն ինքս էի վերածվում թիրախի, ինչի մասին տարիներ անց խոստովանեց մի կարկառուն հհշական:
ԱԱՊՎ ղեկավարության հետ ունեցած այս հանդիպմանը հաջորդեցին բավականին ուշագրավ զարգացումներ: Որոշ ժամանակ անց «դարձվորներն» անհայտացան` կարծես չէին էլ եղել, գոյություն չէին էլ ունեցել: Միայն հավելեմ, որ տարիներ անց նրանց դիերը հայտնաբերվեցին աղբավայրում։ Գործող իշխանությունը նաև այսպես էր մաքրում ՆԳՆ ղեկավարության հանցագործության հետքերը։


Հ. Գ. Նոյեմբերի 10-ը Խորհրդային Միությունում ավանդաբար նշվում էր որպես միլիցիայի օր, որը ներկայիս Ռուսաստանում այսօր էլ է համարվում տոն: Իմ երբեմնի գործընկերները մեծ վաստակ են ունեցել հանցավոր տարրերի, բանդիտական կազմավորումների դեմ մղվող պայքարում, մարտնչել են երկրում կարգ ու կանոնի, օրինականության հաստատման համար: Օգտվելով առիթից` նախկին գործընկերներիս շնորհավորում եմ ունեցած փայլուն ծառայության կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք, իսկ ովքեր չկան, կնքել են մահկանացուն, բարի հիշատակ:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 21958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ